ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում սույն թվականի նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ «Պայմանագիրը որպես գործարար միջավայրի հիմնասյուն» թեմայով սեմինար-քննարկում, որն իրականացվեց Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի և պալատի անդամ հանդիսացող «Ֆակտում» իրավաբանական խորհրդատվական ընկերության համատեղ նախաձեռնությամբ:
Հանդիպման շրջանակներում բացման խոսքով հանդես եկավ Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արտակ Միքայելյանը՝ ներկայացնելով սեմինար-քննարկման անցկացման նպատակը և անհրաժեշտությունը:
Ելույթով հանդես եկան «Ֆակտում» իրավաբանական խորհրդատվական ընկերության փաստաբանները, ովքեր ներկայացրեցին գործարար միջավայրում առկա իրավական հիմնահարցերը և դրանց լուծումները: Մասնավորապես անդրադարձ կատարվեց պայմանագրերին, գործարքների տեսակներին, պայմանագրերի փոփոխմանը, աշխատանքային պայմանագրերի կարևորությանը, առանձնահատկություններին, էական պայմաններին և այլ խնդիրներին:
Սեմինար-քննարկման ընթացքում մասնակիցները ստացան թեմային առնչվող իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ինչպես նաև հանդիպման ավարտին փաստաբանները տրամադրեցին անհատական խորհրդատվություններ մասնակիցներին՝ հուզող խնդիրների և առկա խոչընդոտների վերաբերյալ: