Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը 2018 թ-ի հոկտեմբերի 19-ին անցկացրեց «Էթիկետը Գործարար աշխարհում» թեմայով վարպետաց դաս, որը վարեց էթիկետի մասնագետ, փիլիսոփա, մանկավարժ-հոգեբան, սպասարկման ոլորտի փորձագետ Մարգարիտա Խաչատրյանը:

Վարպետաց դասի շրջանակներում փորձագետը մասնակիցներին մանրամասն ներկայացրեց գործարար միջավայրում գոյություն ունեցող էթիկայի կանոնները, որոնց չպահպանումը խոչընդոտում է գործարարի հեղինակությանը, արդյունավետ բանակցությունների վարմանը:
«Մարդու մասին հանդիպման առաջին րոպեներին ձևավորված կարծիքն ազդում է հետագա անհատական գնահատման և հետագա գործունեության վրա: Առաջին տպավորությունը կարող է ձևավորվել միտումնավոր կամ ակամայից: Այդ տպավորության գործոնները կարող են լինել մարդու արտաքին տեսքը, վարքը, խոսքը, պահվածքը և այլն » — ասաց փորձագետը:
Քննարկվեցին նաև էթիկայի և էթիկետի տարբերությունը, ներկայանալի տեսքի և պահվածքի կարևորությունը, ոչ վերբալ հաղորդակցության էլեմենտները, գործարար աշխարհում ժամանակի գնահատման կարևորությունը և մի շարք այլ հարցեր: