2018թ-ի մայիսի 24-25-ը Բելառուսի Հանրապետության Գոմել քաղաքում տեղի է ունեցել Գոմելի 15-րդ տնտեսական համաժողովը, որին հրավիրել և մասնակցել են նաև Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները:

Համաժողովի շրջանակներում Պալատի ներկայացուցիչներն այցելել են «Кристалл» ոսկերչական գործարան, «Дом охотника и рыбока» որսորդական համալիր, «Машиностроитель» առողջարանային համալիր և մի շարք այլ առաջատար բելառուսական ընկերություններ, որտեղ ծանոթացել են արդյունաբերական հնարավորություններին, արտադրական գործընթացին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև տարածաշրջանի առանձնահատկություններին:

Մայիսի 25-ին, Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի և Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի Գոմելի մասնաճյուղի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:
Համաձայնագիրը ստորագրվել է Երևանի ԱԱՊ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արտակ Միքայեյանի և Բելառուսի ԱԱՊ-ի Գոմելի մասնաճյուղի գլխավոր տնօրեն Մարինա Ֆիլոնովայի կողմից:

Վերջինիս համաձայան կողմերն աջակցելու են Բելառուսի ԱԱՊ-ի Գոմելի մասնաճյուղի և Երևանի ԱԱՊ-ի անդամ հանդիսացող ընկերությունների միջև առևտրային, տնտեսական, զբոսաշրջային, տեղեկատվական, գործարար կապերի ընդլայնմանը և զարգացմանը, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը: