Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ Պալատի անդամ հանդիսացող ընկերությունների ներկայացուցիչները մայիսի 9-11-ը այցելել են «Macfrut 2018»

ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել Իտալիայի Ռիմինի քաղաքում:

Ցուցահանդեսի այցելուների թիվը կազմել է 39.000, որից 25%-ը եղել են օտարերկրյա գործարարներ:

«Macfrut 2018»-ը Իտալիայի գյուղատնտեսական խոշորագույն ցուցահանդեսներից է, որը մասնագիտացված է մրգերի և բանջարեղենի արտադրության, վերամշակման, պահպանման, ինչպես նաև դրանց առևտրի, բեռնափոխադրման և նորագույն տեխնոլոգիաների ցուցադրությամբ:

Պալատի ներկայացուցիչները Ցուցահանդեսի շրջանակներում մասնակցությունն են ունեցել երկկողմ (B2B) հանդիպումներին, շնորհանդեսներին, ինչպես նաև սեմինարներին:

Արդյունքում ձեռք են բերվել բազմաթիվ պայմանավորվածություններ, հաստատվել են գործարար նոր կապեր և քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները:

Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի և «Macfrut 2018» ցուցահանդեսի կազմակերպիչ «Cesena Fiera S.p.A.» ընկերության միջև ձեռք է բերվել նախնական համաձայնություն, ըստ որի հաջորդ տարվա Ցուցահանդեսին, հատուկ պայմաններով, կարող են այցելել առավել մեծ թվով հայ գործարարներ, ինչպես նաև Պալատի անդամ հանդիսացող Ընկերություններին տրամադրվելու է միասնական տաղավար՝ իրենց արտադրանքը Եվրոպական շուկայում ներկայացնելու համար: